Անցկացրել է դիմորդների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման հերթական մրցութային փուլը

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը, շարունակելով կադրային համալրման հետևողական գործընթացը, անցկացրել է դիմորդների ֆիզիկական պատրաստվածության վիճակի ստուգման հերթական մրցութային փուլը։ Այն ուղղված է Լոռու մարզային վարչության Վանաձորի, Թումանյանի, Ալավերդու, Ախթալայի, Ստեփանավանի և Տաշիրի տեղամասերի գլխավոր ու ավագ էկոպարեկային ծառայողների թափուր պաշտոնների համալրմանը։

Համաձայն ՀՀ Կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1009-Ն որոշմամբ սահմանված չափանիշների՝ մասնակիցներն անցել են սեռատարիքային խմբերին համապատասխան ֆիզիկական ստուգումներ (արագության, ուժի և տոկունության վարժություններ)՝ ապահովելով հավասար ու թափանցիկ մրցակցային պայմաններ։ Ֆիզիկական նորմատիվներում կիրառվել են նաև օրենքով նախատեսված թեթևացումներ՝ հաշվի առնելով մասնակիցների քաշային և այլ առանձնահատկություններ։

Ստուգումն ու գնահատումն իրականացվել է Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի հրամանով ձևավորված մասնագիտական հանձնաժողովի կողմից։

Ընթացիկ այս փուլը հաղթահարած թեկնածուները կանցնեն հաջորդ՝ թեստավորման (գրավոր) և հարցազրույցի փուլերը։ Էկոպարեկային ծառայությունը շարունակում է ներգրավել բարձր պատրաստվածություն, գիտելիքներ և պատասխանատվության զգացում ունեցող կադրեր։

23.10.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 29.10.2026