Անտառային հրդեհների կանխարգելումն ու մեր հավաքական պատասխանատվությունը
Էկոպարեկային ծառայության իրազեկման հանդիպումների շարքը շարունակվում է.
Այսօր Ծառայության պետի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը հյուրընկալվել էր Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում՝ ավարտական դասարանների աշակերտների հետ քննարկելու անտառային հրդեհների թեման:
Հանդիպման սկզբում բանախոսն անդրադարձավ անտառների անփոխարինելի դերին՝ ներկայացնելով դրանք որպես մեր մոլորակի շրջակա միջավայրի կայունությունն ապահովող հզորագույն էկոհամակարգեր:
Ընդգծվեց, որ անտառներն իրականացնում են կենսական նշանակության գործառույթներ՝ կլանում են ածխաթթու գազը, արտադրում թթվածին, կանխում հողերի դեգրադացիան ու սողանքները, ինչպես նաև հանդիսանում են ջրապահպան և ջրակարգավորիչ կարևորագույն գործոն։ Հատուկ շեշտվեց, որ թեև Հայաստանը սակավանտառ երկիր է, սակայն մեր լեռնային անտառներն ունեն ռազմավարական նշանակություն և աչքի են ընկնում հարուստ կենսաբազմազանությամբ:
Հանդիպման ընթացքում Արուսյակ Սիրադեղյանը մանրամասն ներկայացրեց անտառային հրդեհներին առնչվող մասնագիտական տեղեկատվությունը։ Աշակերտները ծանոթացան հրդեհների հիմնական տեսակներին, դրանց մարման առանձնահատկություններին, անտառներում հրդեհային անվտանգության կանոններին, ինչպես նաև այն ծանր հետևանքներին, որոնք հանգեցնում են էկոհամակարգերի անդառնալի քայքայման ու անապատացման:
Ցավոք, Հայաստանում անտառային հրդեհները հիմնականում ունենում են մարդածին ծագում՝ առաջանալով անփութության կամ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով:
Նման աղետները ոչ միայն ոչնչացնում են բուսական ու կենդանական աշխարհը, այլև տասնամյակներով դանդաղեցնում են բնության վերականգնողական ընթացքը։
Հաշվի առնելով այս վտանգները՝ Էկոպարեկային ծառայությունը կոչ է անում ցուցաբերել բարձր զգոնություն և պահպանել հրդեհային անվտանգության պարզ, բայց կենսական կանոնները. չվառել խարույկներ քամոտ եղանակին, չթողնել ապակյա թափոններ, զերծ մնալ չոր խոտը այրելուց:
Կարևոր է գիտակցել, որ անտառների կայուն կառավարումը և պահպանությունը մեր հավաքական ջանքն է՝ ուղղված հրդեհների, ապօրինի հատումների և որսագողության դեմ, որպեսզի ապահովենք բնական ռեսուրսների փոխանցումը ապագա սերունդներին։
Հանդիպման ավարտին Արուսյակ Սիրադեղյանը շեշտեց, որ յուրաքանչյուրիս պատասխանատու վարքագիծն ու արագ արձագանքումը կարող է փրկել հարյուրավոր հեկտար անտառներ, քանի որ բնապահպանական անվտանգության իրական երաշխավորը հենց գիտակից քաղաքացին է: