Բնապահպանական անվտանգության բաց դաս Գոգոլի անվան դպրոցում

Այսօր Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչներ Սևակ Մարկոսյանն ու Էդուարդ Կարապետյանը հյուրընկալվել էին Էրեբունի վարչական շրջանի Ն. Գոգոլի անվան թիվ 35 դպրոցում՝ 6-րդից բարձր դասարանների աշակերտների հետ խոսելու բնության ու կենսաբազմազանության պահպանության, էկոլոգիական դաստիարակության մասին։

Ինչպես նշեցին բանախոսները, բնապահպանական անվտանգությունը ենթադրում է բնական ռեսուրսների խելամիտ և պատասխանատու օգտագործում, ինչի շնորհիվ պահպանվում է բնության հավասարակշռությունը, կանխվում այնպիսի վտանգներ, որոնք կարող են սպառնալ մարդու առողջությանը, կյանքին և ապագա սերունդների կենսագործունեությանը։

Դպրոցականները բացահայտեցին, որ յուրաքանչյուր ծառ ոչ թե պարզապես բնության տարր է, այլ բնական բազմաֆունկցիոնալ «ինժեներական» կառույց։

Այն իրականացնում է օդի սանիտարական մաքրում, ջրային ռեսուրսների կուտակում ու կարգավորում, հողի էրոզիայի և սողանքային գործընթացների կանխարգելում, ինչպես նաև հանդիսանում է կենսաբազմազանության պահպանման բնական միջավայր։

Կարապետյանն ու Մարկոսյանը շեշտեցին, որ բնության վերականգնողական ներուժն անսահման չէ և երբ խախտվում են գիտականորեն հիմնավորված «թույլատրելի սահմանները», սկսվում է էկոհամակարգերի անդառնալի քայքայումն ու անապատացումը։

Էկոպարեկային ծառայության շուրջօրյա հսկողությունն ուղղված է հենց այդ սահմանների անձեռնմխելիությանը։

08.05.2026
Թարմացվել է՝ 10.06.2026