էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները մասնակցել են բնապահպանական ոլորտի առաջնային հարցերին նվիրված մասնագիտական հանդիպումների

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) աշխատանքների շրջանակում ՇՄՆ էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները մասնակցել են բնապահպանական ոլորտի առաջնային հարցերին և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը նվիրված երկու մասնագիտական հանդիպումների։

«Անտառային երկխոսություններ»․ անտառների պահպանությունն ու քաղաքականության զարգացումը

«Մերիդիան» էքսպո կենտրոնում (Blue Zone) տեղի ունեցած «Անտառային երկխոսություններ․ անտառներ, կենսաբազմազանություն և կլիմա» խորագրով համաժողովի ընթացքում «Հայաստանի անտառային դաշինքի» և դրա անդամ կազմակերպությունների (մասնավորապես՝ «My Forest Armenia»-ի) ներկայացուցիչները ներկայացրել են անտառների պահպանման, վերականգնման և անտառային քաղաքականության բարելավման վերաբերյալ իրենց տեսլականն ու առաջարկները։ Քննարկումների ընթացքում արծարծվել են կլիմայական փոփոխությունների մեղմմանն ու անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացմանն ուղղված հարցեր։

EMMS համակարգ․ իրական ժամանակում մշտադիտարկում և վաղ նախազգուշացում

COP17-ի Կանաչ գոտում (Green Zone) «ՄեդԷքսպո» կազմակերպության կողմից ներկայացվել է շրջակա միջավայրի մշտադիտարկման և կառավարման ժամանակակից համակարգը (EMMS)։ Միջոցառմանը ներկայացվել են համակարգի տեխնոլոգիական հնարավորությունները, իրական ժամանակում օդի, ջրի, կլիմայական պայմանների ու այլ ցուցանիշների մշտադիտարկման, ինչպես նաև վաղ նախազգուշացման մեխանիզմները։

Հանդիպման ընթացքում Էկոպարեկային ծառայության կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանի կողմից ուղղվել են մասնագիտական հարցեր՝ ուղղված տարբեր միջավայրերում (այդ թվում՝ անտառներում և ջրային ռեսուրսներում) համակարգի կիրառելիությանն ու հետագա համագործակցության հնարավորությունների ճշգրտմանը։

Էկոպարեկային ծառայության լիազորությունների շրջանակում նմանատիպ ինովացիոն լուծումների և միջազգային ու տեղական գործընկերների հետ համագործակցության դիտարկումն առանցքային նշանակություն ունի պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող պահպանության, բնապահպանական իրավախախտումների կանխարգելման ու մոնիթորինգի արդյունավետության բարձրացման համար:

23.10.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 29.10.2026