Հայաստան–Վրաստան համագործակցություն՝ անդրսահմանային հրդեհների կառավարման և վաղ ազդարարման ոլորտում

Սույն թվականի սեպտեմբերի 30-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի անդրսահմանային հրդեհների կառավարման, կլիմայական դիմակայունության և վաղ ազդարարման հարցերով համատեղ աշխատանքային խմբի առաջին առկա հանդիպումը, որին մասնակցել է նաև շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի և վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանը:

Միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի գրասենյակի (OCEAEA) նախաձեռնությամբ՝ «Հարավ-Արևելյան Եվրոպայում, Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված անվտանգության ռիսկերի արձագանքման հզորացում» արտաբյուջետային տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:

Հանդիպման առանցքային նպատակն էր երկու երկրների միջև համատեղ աշխատանքային խմբի պաշտոնական գործարկումը, դրա գործունեության ձևաչափի, կազմի և առաջնահերթությունների համաձայնեցումը, ինչպես նաև անտառային հրդեհների կանխարգելման ու կլիմայական դիմակայունության բարձրացման հետագա քայլերի նախանշումը:

Աշխատանքային քննարկումների առանցքում են եղել սահմանամերձ հատվածներում տեղեկատվության օպերատիվ փոխանակման, հրդեհների կանխարգելման և արձագանքման մեխանիզմների, ինչպես նաև հետագա համատեղ գործողությունների ճանապարհային քարտեզի մշակման հարցերը:

ԵԱՀԿ-ի փորձագիտական դիտարկմամբ՝ Հարավային Կովկասում կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ջերմաստիճանի բարձրացումը մեծացնում է լանդշաֆտային ու անտառային հրդեհների հավանականությունը, իսկ սահմանամերձ գոտիներում հրդեհների կառավարումը պահանջում է անդրսահմանային սերտ կոորդինացիա և վաղ ազդարարման միասնական համակարգեր:

Էդուարդ Կարապետյանը գործընկերներին է ներկայացրել Ծառայության կողմից անտառպահպանության և հրդեհների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու ոլորտը կարգավորող իրավական հիմքերը:

Էկոպարեկային ծառայության կողմից ներկայացվել են հետևյալ առաջարկությունները.

Սահմանային տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ տեղեկատվության օպերատիվ փոխանցման համար հստակ հաղորդակցման ուղիների սահմանում

Հայաստանի և Վրաստանի հրդեհաշիջման ու վաղ ազդարարման ոլորտի կարգավորումների, տեխնիկական միջոցների և հնարավորությունների փոխադարձ ուսումնասիրություն

Սահմանամերձ գոտիներում կազմակերպվող համատեղ վարժանքներին փոխադարձ մասնակցության ապահովում:

07.10.2026

Պատկերասրահ