Հայտնաբերվել է փայտանյութով բեռնված ավտոմեքենա

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության կողմից շարունակվում է անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող կանխարգելիչ-հսկողական միջոցառումների իրականացումը:

Էկոպարեկային ծառայողներն իրենց ծառայության իրականացման շրջանակում անօդաչու թռչող սարքի կիրառմամբ ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խաչարձանի անտառպետության հարակից տարածքում նկատել են փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենա, որի վարորդը, նկատելով անօդաչու սարքը, փորձել է թաքնվել անտառում։ Համապատասխան ծառայողների կողմից տեղեկատվությունն անմիջապես փոխանցվել է Էկոպարեկային ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն (1-07)։

Ստացված տեղեկատվության իրացման շրջանակում ԷՊԾ Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի էկոպարեկներն օպերատիվ կերպով ժամանել են նշված վայր և նրանց կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդ Տավուշի մարզի Դիլիջան բնակավայրի բնակիչ Վ. Հ.-ն համապատասխան բացատրական աշխատանքների արդյունքում

ընդունել է իր կողմից կատարված իրավախախտումը՝ ապօրինի հատված փայտանյութի դուրս բերումն անտառից։

Դեպքի առթիվ կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ, իսկ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամաս:

https://www.facebook.com/reel/1141022061605009

29.09.2026
Թարմացվել է՝ 26.10.2026