Խորհրդարանում ներկայացվել է ««Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրել է ««Էկոպարեկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքը ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին և ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից։
Նախարարի տեղակալը նշել է, որ էկոպարեկային ծառայողը իր գործառույթների իրականացման արդյունքում փաստացի տիրապետելու է պետական անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության վերաբերյալ տվյալներին, որոնք կիրառելի են մոնիթորինգի գործընթացներում։
Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է օրենքով ամրագրել՝
էկոպարեկային ծառայողի մասնակցությունը կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացներին,
ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը՝ որպես էկոպարեկային ծառայողի իրավունք՝ տեղեկատվությունը օպերատիվ ձեռք բերելու և փոխանակելու նպատակով։
Նախարարի տեղակալը պատասխանել է պատգամավորների հարցերին։