Միջազգային համագործակցություն հանուն անտառների պահպանության և կլիմայական մարտահրավերների դիմակայման
Մայիսի 20-ին շրջակա միջավայրի նախարարությունում կայացել է կարևոր հանդիպում Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստանում կլիմայի քաղաքականության վերլուծությանն ուղղված առաքելության ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում անտառային ոլորտի արդի հիմնախնդիրներն ու կայուն կառավարմանն ուղղված քայլերն էին:
Հանդիպմանն Էկոպարեկային ծառայությունը ներկայացնում էր կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի ու վերլուծության վարչության պետ Էդուարդ Կարապետյանը: Նա առաքելության անդամներին մանրամասն և համապարփակ ներկայացրել է Ծառայության առանցքային գործառույթները, օրենսդրական կարգավորումներն ու ընթացիկ վիճակագրությունը։
Հատուկ անդրադարձ է կատարվել ապօրինի անտառահատումների հայտնաբերման ու կանխարգելման ժամանակակից գործիքակազմին, վարչական պատասխանատվության և տուգանքների կիրառման հստակ մեխանիզմներին,
Ծառայության տեխնիկական ու մասնագիտական կարողություններին, ինչպես նաև զարգացման հեռանկարային պլաններին։
Հանդիպմանը մասնակցում էին նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործընկերներն, ովքեր ներկայացրեցին անտառօգտագործման ուղղությունները և սոցիալական բաղադրիչ հանդիսացող թափուկ վառելափայտի տրամադրման կարգավորումները:
Հիշեցնենք, որ ԱՄՀ առաքելության շրջանակում մայիսի 18–29-ն անցկացվող հանդիպումների նպատակն է գնահատել ՀՀ կլիմայի քաղաքականությունն ու օրենսդրությունը, ֆինանսավորման կարիքները և ազգային մակարդակով սահմանված գործողությունների (NDC) թիրախների իրականացման առաջընթացը։