ՇՄՆ էկոպարեկային ծառայության կարողությունների զարգացման պիլոտային դասընթաց «Զիկատար»-ի ուսուցողական կենտրոնում

2026 թվականի ապրիլի 27-29-ն «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Զիկատար» ուսուցողական կենտրոնում տեղի ունեցավ Էկոպարեկային ծառայության կարողությունների զարգացմանն ուղղված «ԲՀՊՏ հիմունքներ» պիլոտային դասընթացը:

Միջոցառմանը գործուն մասնակցություն ունեցան Էկոպարեկային ծառայության կենտրոնական ապարատի և Սյունիքի մարզային վարչության ներկայացուցիչները:

Դասընթացի առանցքային թեմաներից մեկը կենսաբազմազանության պահպանության կարևորությունն էր՝ որպես էկոհամակարգերի կայունության երաշխիք:

Մասնակիցները քննարկեցին բնօգտագործման ծավալների աճով պայմանավորված մարտահրավերները, մասնավորապես՝ CO₂ գազերի արտանետումների աճի դինամիկան և կլիմայի փոփոխության բացասական միտումները, որոնք անմիջական սպառնալիք են հանդիսանում բնական ապրելավայրերի համար:

Դասընթացի շրջանակներում քննարկվեց Էկոպարեկային ծառայության գործունեության ընդլայնման հնարավորությունը՝ նպատակ ունենալով իրավապահ գործառույթներին զուգահեռ մեծ դերակատարում ունենալ բնության պահպանության և ազգային ռենջերական ծառայությանը բնորոշ հարթակներում։

Այս համատեքստում կարևորվեց

Տեսակների պահպանությունը. կենսաբազմազանության շղթայում կենդանական և բուսական աշխարհի տարբեր տեսակների դերի արժևորումը և դրանց աճելավայրերի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը

Մոնիթորինգը.

էկոպարեկային ծառայողների մասնակցությունը կենսաբազմազանության մոնիթորինգին և դաշտային տվյալների ճիշտ վերլուծությանը, ինչը հիմք է հանդիսանում կառավարչական արդյունավետ որոշումների համար։

«Պրոպարկ» (Ռումինիա) ընկերության փորձագետների հետ համատեղ քննարկվեցին ԲՀՊՏ-ների գոտիավորման սկզբունքները:

Ռումինիայի օրինակով ներկայացվեց գոտիների հարաբերակցության ճիշտ որոշման կարևորությունը, ինչը թույլ է տալիս հավասարակշռել բնության պահպանությունն ու կայուն օգտագործումը:

Դասընթացը կազմակերպվել էր «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում՝ WWF-հայաստանյան մասնաճյուղի և «Պրոպարկ» կազմակերպության համագործակցությամբ:

29.04.2026

Պատկերասրահ

Թարմացվել է՝ 11.05.2026