Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ քննարկելու գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը և իրականացված աշխատանքները։
Զեկույցի ընթացքում նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ նախարարությունը 2025 թվականի 1-ին կիսամյակում ունեցել է 4 առաջնահերթ ուղղություն և իրականացրել է 15 միջոցառում՝ ապահովելով շուրջ 65% կատարողական։ 2-րդ կիսամյակում սահմանվել է 6 առաջնահերթ ուղղություն, իրականացվել է 12 միջոցառում, և ՇՄՆ գնահատմամբ ապահովվել է շուրջ 95% կատարողական։
Ընդհանուր առմամբ, 2025 թվականը բնութագրվել է որպես ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված օրենսդրական կարգավորումների և ընդունված որոշումների տարի, ինչպես նաև միջազգային հարթակում նախարարության դերի ուժեղացման և աննախադեպ ներգրավվածության փուլ։
2025 թվականի ապրիլի 11-ից ամբողջությամբ գործարկվել է Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչությունը․ այն համալրվել է 182 նախատեսված հաստիքներից 131-ով՝ այսինքն՝ 72%-ով։ Մեկնարկել է Տավուշի մարզային վարչության թափուր հաստիքների համալրման գործընթացը․ հայտարարվել է 242 մրցույթ, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Վարչության շուրջօրյա ծառայությունը նախատեսվում է գործարկել 2026 թվականի ապրիլին։ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչությունների համալրումը նախատեսվում է մեկնարկել առաջիկայում։
Հաշվետու ժամանակահատվածում Էկոպարեկային ծառայության 7 մարզային վարչությունների կողմից հայտնաբերվել և արձանագրվել է բնապահպանական իրավախախտման 903 դեպք, որի մասով հաշվարկվել է բուսական և կենդանական աշխարհին պատճառված 429 մլն դրամ վնաս։
2026 թվականի 1-ին կիսամյակում նախատեսվում է ավարտին հասցնել Տավուշի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության 24/7 ռեժիմով ծառայության գործարկումը։
Բնության հատուկ պահպանվող տարածքների արդյունավետ կառավարման նպատակով հաշվետու տարվա 1-ին կիսամյակի համար նախատեսված է եղել 3 միջոցառում։ ԲՀՊՏ օրենքի փոփոխությամբ թույլատրվել է մինչև 1991 թվականը պետական արգելոցների տարածքում առկա ջրային համակարգերով ջրօգտագործումը։ Արդյունքում 2025 թվականին «Խոսրովի անտառ» պետական արգելոցից (Գառնիի ջրատարով) տրվել է ոռոգման ջրօգտագործման թույլտվություն։ Մշակվել է «ԲՀՊՏ»-ների նոր օրենքը։ 2021–2025 թվականներին Սևանա լճի առափնյա հատվածում ապամոնտաժվել է 147 ապօրինի շենք-շինություն, որից 2025թ-ին՝ 61-ը։ 2025 թվականին վարձակալության պայմանագրերի խզման գործընթացների շրջանակում Սևան ազգային պարկին վերադարձվել է 79 հեկտար տարածք, որոնց մեծ մասը վերադարձվել է դատարանի որոշմամբ։
Անդրադարձել է նաև COP17 համաժողովի հյուրընկալմանը։ Համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելն ու անցկացնելը նախարարության առաջնահերթություններից է։ 2025 թվականի 2-րդ կիսամյակի համար նախատեսված երկու միջոցառումները կատարվել են ամբողջությամբ։