Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Motorola Solutions ընկերության ներկայացուցիչների հետ
Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Motorola Solutions ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Ծառայության պետի առաջին տեղակալ Մուրադ Նուրիջանյանը և գլխավոր քարտուղար Լուսինե Ալեքսանյանը։
Քննարկման առանցքում եղել են ընթացիկ ժամանակահատվածում իրականացվող աշխատանքների համակարգումը և տեխնիկական արդիականացմանն առնչվող հարցերի օպերատիվ լուծումների ապահովումը։
Մասնավորապես, քննարկվել են տեխնոլոգիական վերազինմանն ուղղված հարցեր, որոնց շրջանակում Motorola Solutions-ը պատրաստակամություն է հայտնել աջակցել մասնագիտական լուծումների ներդրման և տեղորոշման հարցում։
Այս համատեքստում դիտարկվել են ռադիոկապի հուսալիության բարձրացմանն ուղղված քայլերը, որոնք առանցքային նշանակություն ունեն արագ արձագանքման գործողություններում։
Կողմերն անդրադարձել են նաև ռադիոհաճախականությունների արդյունավետ բաշխմանը և կապի համակարգերի ինքնավարության ապահովմանը՝ նպատակ ունենալով երաշխավորել անխափան հաղորդակցություն նույնիսկ արտակարգ իրավիճակներում։
Միաժամանակ, քննարկվել է ռեպիտորների (վերահաղորդիչ կայանների) ցանցի ընդլայնման անհրաժեշտությունը՝ ապահովելու համար կայուն կապի ծածկույթ նույնիսկ բարդ ռելիեֆ ունեցող տարածքներում։
Ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են նաև իրենց մասնագիտացված ինովացիոն կենտրոնների հնարավորությունները, որտեղ առաջարկվող տեխնիկական միջոցները հնարավոր է դիտարկել գործնական կիրառման մեջ իրական ժամանակում։
Միջազգային գործընկերները վերահաստատել են իրենց պատրաստակամությունն՝ աջակցելու նորաստեղծ Էկոպարեկային ծառայությանն իր գործառույթներում մասնագիտական մոտեցումներ ապահովելու հարցում։
Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանել հստակ ժամանակացույց՝ տեխնիկական վերազինման հետագա փուլերն իրականացնելու և Էկոպարեկային ծառայության օպերատիվ կարողությունները հետևողականորեն հզորացնելու վերաբերյալ։