Ուժեղացված ծառայություն Սևանա լճի ամբողջ տարածքում

ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 865-Ն որոշման համաձայն 2025 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2026 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում սիգի արդյունագործական որսի խստիվ արգելքի շրջան է։

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցները վաղ առավոտից ուժեղացված ծառայություն են իրականացրել Սևանա լճի ամբողջ տարածքում:

Իրականացվող միջոցառմանը ներկա են եղել նաև ՆԳՆ ոստիկանության Սևանի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները:

Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը տեղում հետևել է իրականացվող աշխատանքների ընթացքին:

Չնայած որսի կանոնները պահպանելու՝ ազգաբնակչությանն ուղղված բազմաթիվ հորդորներին, կոչերին այդուհանդերձ Էկոպարեկային ծառայության աշխատակիցների կողմից

Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրին հարող ջրային տարածքից դուրս է բերվել 62 հատ ձկնորսական ցանց և այդ ցանցերից էլ՝ շուրջ 20 կգ սիգ տեսակի ձուկ: Կազմվել են համապատասխան արձանագրություններ, հայտնաբերված ձկնորսական ցանցերը կտեղափոխվեն պահպանվող տարածք:

Ազգաբնակչությանը ևս մեկ անգամ հորդորում ենք զերծ մնալ ապօրինի գործողություններից։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված խիստ վարչական ու քրեական պատասխանատվություն:

Սևանի ձկնային պաշարների պահպանությունը մեր հիմնարար նպատակներից և ռազմավարական առաջնահերթություններից է և որսի խստիվ արգելքի որոշումն ուղղված է սիգի բնական վերարտադրությանն աջակցելուն՝ ապահովելով լճի ձկնային պաշարների կայուն և արդյունավետ վերականգնումը։

Սիգ ձուկը Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության կարևորագույն մասն է և պետք է խնդրին մոտենալ այդ գիտակցումով։

10.12.2025
Թարմացվել է՝ 11.12.2025